«Ողջույն Մանե ջան… այս ամիս Հայաստան գալս իրականում կապված էր մտերիմ ընկերուհուս հարսանիքի հետ, սակայն չէի կարող չօգտագործել հնարավորությունը և նորությամբ հանդես չգալ։ Իմ հետևորդները մշտապես սպասում են, գիտեն՝ եթե Հայաստան եմ գալիս, ուրեմն անպատճառ որևէ գեղեցիկ անակնկալ եմ իրենց մատուցելու։ Ամենակարևոր նորությունն այս այցիս նոր գիրքս է։ Այս անգամ իմ սիրելի ընթերցողին կուղեկցեմ դեպի «յոթերորդ երկինք»։ Գիրքը փոխհարաբերությունների մասին է։ Ոմանց այն կօգնի բարելավել հարաբերությունները, ոմանց էլ ամրապնդել ձեռք բերած ներդաշնակությունը։ Իմ հետևորդներն ինձ հաճախ են խնդրել, որպեսզի հանդես գամ մի այսպիսի գրքով, և ես , իհարկե, չէի կարող մերժել։ Օգտագործելով անձնական փորձս, դասընթացների արդյունքում հավաքածս գիտելիքների պաշարն ու հմտությունները՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Oper Suite Hotel-ի Sinatra ռեստորանում, ընթերցողի դատին կհանձնեմ հեղինակածս երկրորդ գիրքը՝ «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով։Այս հանդիպման ընթացքում բանախոսությամբ հանդես կգան նաև քնի խորհրդատու, հավաստագրված մասնագետ Աստղիկ Նադիրյանը և ՀՀ֊ում բավականին հայտնի փաստաբան Անուշ Հարությունյանը։ Բացի այդ , յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա իր տոմսով հետագայում անհատական խորհրդատվություն ստանալ ինձ մոտ։ Այդ օրն էլ սեմինարի հետաքրքիր ձևաչափ ենք մտածել, այն շատ տարբեր է լինելու նախորդ՝ մայիս ամսին կայացած, սեմինարից։ Մի խոսքով, ամեն ինչ արել ենք, որպեսզի յուրաքանչյուր մասնակից գտնի իր ճանապարհը դեպի «յոթերորդ երկինք», – նշեց Մերին՝ ավելացնելով, որ սեմինարին ներկա կլինեն նաև հայտնի հյուրեր, տարբեր մեդիաների ներկայացուցիչներ, կլինեն նվերներ, հյուրասիրություն, խաղարկություն և էլի շատ ու շատ անակնկալներ։