«NEW YORK – ԵՐԵՎԱՆ Ջազ միացում » խորագրով համատեղ նախագիծ է իրականացվում Երևանում:
Այսօր երեկոյան Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, մեր ժամանակի ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերի՝ ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինի՝ վոկալ, Քիտ Բալլայի՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից) և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Երաժիշտները սիրով են սպասում համերգին, քանի որ Երևանում լսարանը իսկապես սիրում է ջազ:
Վահագն Հայրապետյանը նշեց, որ այդքան ճանաչված երաժիշտների հետ իրեն միավորում է սիրելի երաժշտությունը: Առաջին անգամ NEW YORK – ԵՐԵՎԱՆ ջազային կվինտետը նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ կատարելով ավանդական ջազային և հայակական մեղեդիների սեփական մշակումներով:
Երաժիշտներից Զաիդ Նասսերին անգամ հայերեն է արդեն կարողանում և խոսել և լրագրողների հետ խոսելիս նա հենց հայերենով ասաց, որ շատ է սիրում Հայաստանը, հայ երաժիշտներին և հայ հանդիսատեսին:
«Առաջին անգամ այստեղ եկել եմ 2000 թվականին և պարզապես սիրահարվել եմ Հայաստանին: Յուրաքանչյուր տարի գալիս եմ Երևան և պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ այցելել ձեր երկիր»,- նշեց երաժիշտը:
Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ: Նա էլ իր հերթին նշեց, որ շատ է սիրում Հայաստանը և անցած անգամ խոսք էր տվել, որ այս անգամ հարազատների հետ է գալու Հայաստան՝ ցույց տալու մշակույթն ու պատմությունը: