Դեռ մանկուց ապրում և շնչում եմ նորաձևությամբ. այսպես է իրեն բնութագրում Անի Կիրակոսյանն , ով 2015 թվականին հիմնեց «Anníeh Jewellery» ապրանքանիշը:
«Փոքր հասակից զարդեր ու հագուստ էի նկարում, որպեսզի հետո իրականացնեմ երազանքս: Նպատակս մեկն է եղել՝ դառնալ հագուստի մոդելավորող, սակայն զարդեր պատրաստելն ինձ համար ավելի հոգեհարազատ էր: Հայրս և պապիկս ոսկերիչներ են և նրանցից էլ հենց ժառանգել եմ սերը դեպի նորաձևն ու գեղեցիկը».- պատմում է Անին:
Անին, ինձ հետ զրույցում ասաց, որ Anníeh Jewellery զարդերը հիմնականում պատրաստվում են արծաթից և արյուրից (latun): Հավաքածուները թեմատիկ են և ցանկացած նոր հավաքածու ստեղծելիս ոգեշնչվում է հայկական տարրերից՝ միախառնելով հինն ու նորը:
«Հավաքածուներն առայժմ երեքն են. առաջին հավաքածուն իր մեջ ներառում է կրծքազարդեր, որը կոչվում է է «Armenian Treasures»: Երկրորդ հավաքածուն կոչվում է «Rug Rings»: Այս հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ տարբեր ժամանակաշրջանի հայակական գորգերով, որոնցից մեկը գործել է իմ մեծ տատիկը՝ 1915 թվականին: Մատանիների զարդանախշերը հինգն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Դրանք պատրաստված են արծաթից, տաք էմալից և կան նաև ոսկեջրած տարբերակներ: Եվ արդեն երրորդ հավաքածուն, որը կոչվում է «Vintage Tiflis». ոգեշնչվել եմ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից: Զարդերի գունային և նյութերի անսպասելի համադրության հիմքում «Նռան գույնը« ֆիլմն է»:
Խոսելով երեք հավաքածուի մասին, Անին նշեց նաև, որ պատրաստվում է ստեղծել նոր հավաքածու, բայց այս անգամ ոչ հայկական թեմայով: Նրա մտքերնը միշտ անսպառ են և միշտ պատկերացնում է, թե ինչպես կարելի է ներկայացնել, ովքեր են կրելու դրանք և այլն:
Անին, անկեղծանալով ասում է, որ իր համար շատ զարմանալի է, երբ հայ ոճաբանները միասին չեն համագործակցում.
«Կարծում եմ, որ շատ հետաքրքիր է, երբ համագործակցում ես այլ ոճաբանների հետ, լինի հագուստի ոճաբան, թե աքսեսուարների՝ միևնույն է, նույնիսկ fashion blogger-ների, որոնց մտքերի միախառնումից կարող են ծնվել նույնիսկ կապսուլային հավաքածուներ: Համոզված եմ, որ համագործակցության արդյուքում երկու կողմի հաճախորդներն էլ ավելի հետաքրքրված կլինեն և բոլորի համար սա նորություն ու թարմություն կլինի»:
«Annieh Jewellery» զարդերը կարող եք ձեռք բերել Tashir 4 Armenian Brands հարթակից, www.armatroot.com և www.lmbd.ru online կայքերից, @armatroot պաշտոնական ինստագրամյան էջից և «Annieh Jewellery» պաշտոնական ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերից: