21-րդ դարում դիմահարդարի մասնագիտությունը հեշտ է ձեռք է բերել, բայց դժվար է աշխատել, քանի որ պետք է ունենաս տարբերվող ու յուրահատուկ ձեռագիր: Այսօր Ձեզ կներկայացնեմ հիմահարդարի, ով գնահատում է բնականը, բայց, միևնույն ժամանակ, ընդգծում է մարդու դիմագծերը՝ դրանք դարձնելով ավելի ցայտուն և ոճային:
Սյուզաննա Կակոսյանը նոր է վերադարձել Հայաստան և որոշել է ամեն ինչ սկսել նոր էջից՝ ցույց տալով դիմահարդարման իր գաղտնիքները:
Ողջույն Սյուզի… _ Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին. ե՞րբ որոշեցիք զբաղվել դիմահարդարմամբ. այն ձեզ համար պարզապես հոբի է, թե՞ աշխատանք:
-Ողջույն… 2014 թվականին ես ու ամուսինս որոշեցինք տեղափոխվել Հայաստան, իսկ այդ ժամանակ մենք արդեն սպասում էինք մեր առաջնեկին: Մեկ տարի անց, նոր միջավայրում, փոքրիկի հետ միասին, շատ դժվար էր ամեն ինչ սկսել նոր էջից: Պետք է նշեմ, որ ուսանողական տարիքից սիրել եմ դիմահարդարումը և վարսահարդարումը և գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ հարազատներիս և ընկերներիս խնամքով ես էի զբաղվում: Վերջապես, ինձ տրվեց հնարավորություն վերապատրաստվել Մոսկվայում և ավելի խորը ուսումնասիրել դիմահարդարման գաղտնիքները, որից հետո անմոռաց սիրահարվեցի այս գեղեցիկ մասնագիտությանը:
– Այսօր դիմահարդարմամբ շատերն են զբաղվում. Ի՞նչ եք անում տարբերվելու համար և որոնք են դիմահարդարման ձեր գաղտնիքները:
– Երբևէ չեմ փորձել նմանվել կամ տարբերվել մյուսներից, միայն ցանկանում եմ ընդգծել Աստծո ստեղծած գեղեցկությունը՝ պահպանելով նորաձևության միտումներն ու անհատական պահանջները:
– Կա՞ն արդյոք դիմահարդարներ, որոնք ձեր ոգեշնչման աղբյուրն են հանդիսանում և հենց նրանց օգնությամբ եք առաջ գնում այս ասպարեզում:
– Իհարկե, այս դաշտը ես շատ եմ ուսումնասիրում, քանի որ ինձ համար շատ կարևոր է նաև գիտելիքը: Առաջին հերթին, գնահատում եմ դիմահարդարման վարպետ, իմ ուսուցչի՝ Լիլիթ Սիմոնյանի ձեռագիրիը, Nik & Sem CHapman, Lisa Eldridge, ովքեր իրենց գործի վարպետն են և ինձ միշտ ոգեշնչում են իրենց աշխատանքներով:





