Մոր մասին հազարավոր բանաստեղծություններ և ձոներ են ստեղծվել ախարհի բոլոր լեզուներով: Պոետները չեն դադարել և չեն կշտացել մորը գովերգելուց: Բնությունն ինքը մայր է, որը կարողանում է իր լայնարձակ գրկի մեջ պարուրել մարդկային հոգու մենկությունն ու ջերմացնել իր անզուգական սիրով: ManeHblog.com-ն այս թեմայի շուրջ զրուցել է Ժամը լրատվականի խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանի հետ:
-Ողջույն Տաթև. Ինչպիսի՞ն է եղել առաջին զգացողությունը, երբ գրկեցիք Ձեր դստերը:
-Դա 10 տարի առաջ էր… հուզմունք, սեր ու պատասխանատվություն: 10 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել: Թերևս պատասխանատվությունն է ավելացել: Եթե նոր ծնված երեխային պետք է ընդամենը հետևել, որ սոված չլինի, քունը լիարժեք լինի ու էլի մանր-մունր, բայց հաճելի հոգսեր, ապա այժմ` ամեն ինչ շատ ավելի բարդ է:
-Դստեր ծնունդից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
-Փոխվեց ամեն ինչ: Կյանքում ամեն ինչ` նույնիսկ մի քանի վայրկյանով տնից դուրս գալը սկսեց պայմանավորվել միայն նրանով: Մանավանդ, որ աշխատող մոր համար դա մեծ փոփոխություն էր:
-Մայրության Ձեր բնորոշումը:
-Ինձ համար դա առաջին հերթին սեր է: Իսկ ի՞նչ զգացում է սերը: Կարո՞ղ եք բնորոշել այն:
-Հաճա՞խ եք ստիպված լինում աշխատանքը թողնել փոքրիկի խնամքի կամ այլ խնդիրների հետ կապված հարցերը լուծելու համար:
-Երբ երեխան փոքր էր` բնականաբար ավելի հաճախ էի ստիպված լինում աշխատանքից բացակայել, մանավանդ, երբ հիվանդ էր լինում: Հիմա արդեն 10 տարեկան է, միանգամայն ինքնուրույն մարդ: Բացի այդ` մայրս միշտ կողքիս է: Աղջկաս ծնվելու առաջին իսկ օրից նա իմ թիկունքն է և շտապօգնությունը:
-Եթե այնպես լինի, որ ստիպված լինենք թողնել աշխատանքը, արդյո՞ք դժվար կլինի այդպիսի որոշում կայացնելը, թե հեշտությամբ կկարողանաք հրաժարվել հեռուստասետությունից:
– Նախ` հեռուստատեսությունը մոգական է, երբ տանը նստած նայում ես էկրանին, իսկ իրականում դա աշխատանք է և ծանր, ամենօրյա աշխատանք: Ես մեծ հաճույքով կմնայի տանն ու կզբաղվեի երեխայիս դաստիարակությամբ, գուցե ևս մեկ բալիկ ունենայի, եթե իմ ընտանիքն աշխատավարձիս կարիքը չունենար:
-Ո՞րն է Ձեր բարեմաղթանքը հայ մայրերին:
-Մաղթում եմ գտնել երեխայի հանդեպ հոգատարության և անտարբերության ոսկե միջինը:
Զրուցեց Վարդ Գիշյանը