Հանրապետական Մանկական Վերականգնողական Կենտրոնում տեղի ունեցավ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի կողմից կազմակերպված «հավասար և միասին» խորագիրը կրող մանկական բարեգործական մրցավազքը, որին մասնակցում էին շատ փոքրիկներ:
Փոքրիկ վազորդների համար կազմակերպվել էին բազում անակնկալներ՝ուրախ համերգային ծրագիր, համեղ հյուրասիրություն, իսկ մրցավազքի հաղթողներին տրվեցին նվերներ Mega Toys խանութի և Mama Panda ապրանքանիշի կողմից:
Մրցավազքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում: «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնի հիմնադիր Նարինե Մանուկյանը իր խոսքում նշեց , որ այսօրվա միջոցառումն անցավ ամենաառողջ և ամենալավ մթնոլորտում ՝ շնորհիվ բոլոր ներկաների , ինչպես նաև բոլոր հովանավորների, որոնց օգնությամբ հնարավորություն է ստեղծվում օգնել բոլոր այն երեխաներին, ովքեր իսկապես ունեն աջակցության կարիք: Նաև հավելեց , որ պատրաստվում են նոր ծրագրեր իրականացնել , որոնցից ամենակարևորը Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրն է :