Պատմության էջերում, թերևս, դժվար գտնենք հայտնի հայ դիզայներների: Այս ոլորտը, կարելի է ասել, զարգանում է վերջերս: Այսօր հայ իրականության մեջ հայտնվել են այնպիսի ոճային դիզայներներ, որոնց չանդրադառնալն անհնար է: Այս ոլորտը ես պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում և ներկայացնելու եմ այնպիսի անուներ, որոնք քչերին են հայտնի: Դե ինչ, այս անգամ զրուցել եմ դիզայներ Վարդիթեր Մուրադյանի հետ, ով այս ոլորտում նորեկ է, չնայած, արդեն իսկ հասել է հաջողությունների: Որակ, թե վաճառք, նորաձևություն, թե ոճ և այլ մանրամասներ կարդացեք հարցազրույցում:
Որտե՞ղ ես սովորել:
-Շատ երկար եմ մտածել, թե որտեղ շարունակեմ ուսումս. վերջում կանգ առա այն մտքին, որ անհատական պարապմունքներն ավելի արդյունավետ կլինեն։
Արդյոք աշխատու՞մ ես այդ մասնագիտությամբ։
-Այո՛, աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Քանի որ նոր եմ այս ոլորտում, միանշանակ շատ աշխատանք ունեմ կատարելու, այդ իսկ պատճառով ամբողջ օրս նվիրում եմ հագուստին, կարին և ձգտում եմ հասնել կատարելության։
Քո առաջին քայլերը դեպի նորաձևություն։
-Իմ առաջին քայլերը դեպի նորաձևություն կատարել եմ մտերիմ ընկերոջս հետ։ Ցույց ենք տվել հինգ լուքից բաղկացած կափսուլային հավաքածու, որը ամբողջովին նվիրված էր կանացիությանը։
Նախընտրում ես լինել ոճային, թե՞ նորաձև։
-Փորձում եմ նորաձևը համադրել ոճայինի հետ։ Իրականում դա շատ հեշտ է ստացվում, եթե ունես երևակայություն։ Տարբեր ոճի իրերը համադրելով ստանալ յուրահատուկ և հետաքրքիր տեսք։
Այսօր դիզայներների պակաս գրեթե չկա, բայց նրանք որոշ ժամանակ անց գնում են դեպի լճացման, ըստ քեզ՝ ի՞նչն է պատճառը։
-Հիմնականում պատճառն այն է, որ այդ ամենին վերաբերվում են որպես բիզնես: Այսինքն՝ ավելի շատ ներկայացնում են այնպիսի ապրանքներ, որոնք դուր կգան շատերին. լճացման պատճառը հենց դա է։
Ինչպիսի՞ պայմաններ են պետք, որ այս ոլորտն իսկապես զարգանա։
-Մեր երկրում այս ոլորտի զարգացման համար շատ բաներ են պակասում։Օրինակ` մենք չունենք լավ կամ շահավետ պայմաններ՝ հետաքրքիր ֆեշն շոուներ իրականացնելու համար, չկան հատուկ կազմակերպվող միջոցառումներ, որտեղ կարող է սկսնակ դիզայները ներկայացնել իրեն։ Կցանկանայի, որ լճացում չլիներ. այսինքն՝ դիզայներն իր մտքերը չզոհաբերեր հանուն հասարակության: Կարծում եմ, որ միայն այդ դեպքում բարձր աճ կարող ենք գրանցել։
Ինքդ կրու՞մ ես հայ դիզայներների հագուստներ, դրանք բավականին թանկարժեք են հայ սպառողի համար, նաև տեղ-տեղ անորակ, քո կարծիքն այդ մասին։
-Քիչ քանակությամբ իրեր ունեմ, որոնք մեր հայ դիզայներների գործերն են։ Ընդհանուր առմամբ, թանկարժեք չեն, եթե զգեստն ունի ասելիք՝ այսինքն դիզայներն իր աշխատանքը կատարել է տվյալ հագուստի վրա, ապա այդ դեպքում կարող է լինել շուկայական գնից բարձր։ Սկզբում կցանկանամ նշել, որ կան նաև որակյալ ապրանքներ, բարձրակարգ կտորներով, որոնք առանձնանում են կարի որակով։ Միանշանակ, չի կարող շուկան լինել միակողմանի, քանի որ կան նաև անորակ դիզայներական աշխատանքներ:
Ո՞վ կամ ի՞նչն է քեզ ոգեշնչում։
– Իմ ոգեշնչման աղբյուրը մարդն է։
Ինչպիսի՞ն են այս տարվա նորաձևության տենդենցները և ո՞ր գույնն է ավելի շատ ակտուալ:
-Գալիք տարվա համար գույներից կառանձնացնեմ կանաչը։ Ավելի հետաքրքիր են ոչ բնական երանգները։
Ունե՞ս սիրելի դիզայներ և ու՞մ հետ կցանկանայիր համագործակցել։
-Ժամանակի ընթացքում սիրելի դիզայներները փոխվում են, ըստ իրենց կատարած աշխատանքի։ Տվյալ պահին կառանձնացնեմ Demna Gvasalia-ին, Raf Simons-ին, Alessandro Michele-ին։ Կցանկանայի աշխատել Alexander Wang-ի հետ, քանի որ միշտ դուր է գալիս նրա աշխատանքները, թե՛ սեփական բրենդի համար, թե՛ այլ բրենդների հետ աշխատելիս։
Քանի որ շուտով Ամանոր է, ի՞նչ է այն քեզ համար և ինչպե՞ս ես դիմավորելու այն. քո բարեմաղթանքը։
-Ամանորն ինձ համար լավ առիթ է տարին սկզբից մինչև վերջ վերհիշելու՝ ամփոփելով, թե ինչ է փոխվել, ինչ եմ արել և ինչ դեռ չեմ հասցրել անել։ Ամանորը համարում եմ ընտանեկան տոն. կեսգիշերին լինում եմ ընտանիքիս հետ, իսկ կեսգիշերն անց՝ միանում ընկերներիս։ Կցանկանամ, որ 2017թ-ը լինի բեղուն և ձեռքբերումների տարի:
Հարցազրույցը վարեց Գայանե Թադևոսյանը