Երբ ինձ հարցնում են, թե որ երկրի խոհանոցն եմ նախընտրում, ես պատասխանում եմ՝ Իսպանական: Իսկապես, ես միջերկրածովյան խոհանոցի սիրահար եմ. դե հիմա պատկերացրեք, թե ինձ համար ինչ երջանկություն էր լինել Կորիզ ռեստորանի կողմից կազմակերպված իսպանական երեկոյի հյուրերից մեկը: Անկեղծ ասած, ինձ համար Կորիզը հենց բացման իսկ օրվանից եղել ու դարձել է իմ սիրելի ժամանցի վայրերից մեկը: Այստեղ հանգիստ է, ինտերիերը տարբերվող, դե իսկ ռեստորանի մենյուի մասին չեմ խոսում. պետք է գոնե մեկ անգամ այցելել՝ ինձ հասկանալու համար: Ընկերներիս հետ այնպիսի երեկո ենք անցկացրել. որ մինչև այսօր հիշում ենք եվ սպասում ենք հաջորդ միջոցառումներին:
Միջերկրածովյան խոհանոց ներկայացնող Կորիզ ռեստորանում օգոստոսի 14-ին իսպանական երեկո էր իր բոլոր բաղկացուցիչ տարրերով . անվճար սանգրիայի հյուրասիրություն բոլորին, հատուկ իսպանական օրերի համար կազմված մենյու, երբևէ փորձե՞լ եք ձմերուկով գասպաչո, այո ես էլ չէի փորձել, իսկ դուք դեռ ժամանակ ունեք մինչև այս ուրբաթ օրը… Ռեստորանն ամբողջության ներկվել էր Իսպանիայի գույներով. սեղաններին վառ դեղին և կարմիր քրիզանթեմներ էին, յուրաքանչյուր այցելուի առաջարկվում էր դաստակին կապել կամ մազերի մեջ ամրացնել թավշյա երիզով ամենամուգ գինու գույնի փոքրիկ վարդ, մուտքի մոտ և մեծ պատուհաններին ծածանվում էին Իսպանիայի դրոշները, այնպիսի տպավորություն էր, որ ֆուտբոլային ինչ-որ կարևոր խաղի ժամանակ հայտնվել ես Իսպանիայի որևէ ընտանեկան ռեստորանում այն տարբերությամբ, որ մենք Երևանում էինք, ավելի ստույգ՝ Ավանում, իսկ կանաչ խոտածածկին վազվզող ֆուտբոլիստների փոխարեն Կորիզի հրաշալի բաց խոհանոցում գործնական եռուզեռի մեջ էին խոհարարները, ում աշխատանքը կարգավորում էր Կորիզի շեֆը՝ Ֆեդերիկոն, և երբեմն-երբեմն հնչում էր նրա ոգևորող անուշ իտալերենը:
Երեկոյին յուրահատուկ հմայք էին հաղորդում Մովսես Խաչիկյանի ձայնի անհավատալի ելևէջները, անկեղծ եմ ասում, ներկաներից շատերը սկզբում չէին գիտակցել, որ կենդանի կատարում են լսում և ոչ ձայնագրություն:
Տաք ու համեղ սանգրիա, դրան հետևող մի քանի գավաթ կարմիր գինի, նուրբ բույր ունեցող ծովամթերք, հաճելի խոհանոցային աշխուժություն, ընկերների հետ ջերմ զրույցներ ու իսպանական հանդարտ, բայց կրքոտ երաժշտություն, այսպիսին էր ինձ համար երեկոյի ավարտը Կորիզ ռեստորանում:
Որպես գաղտնիք ինձ ասացին, որ մոտ ապագայում էլի են անակնկալներ պատրաստում այցելուների համար, իսկ թե ինչ անակնկալ դեռ կիմանաք:
Իմ կողմից ավելացնեմ, որ ազատ սեղան չկար, բացառությամբ այն սեղանները, որ ըստ պարետի որոշման սպասարկել չէր կարելի, որովհետև անվտանգության բոլոր պայմաններն ապահովված էին, իսկ սեղանների ամրագրումը փակվել էր դեռ երեկոյից երեք օր առաջ, այնպես որ մյուս անգամ պետք է ուշադիր լինել, եթե ուզում եք ամառային երեկոներից մեկը հաստատ անմոռանալի դարձնել:
060377711