Մամուլի հաղորդագրություն
մեր ժամանակների մեծագույն դաշնակահար
ԱՐԿԱԴԻ ՎՈԼՈԴՈՍԻ
Երևանյան այցի կապակցությամբ
Հունիսի 8-ին տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղին բնութագրում են ինչպես “չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ”:
Վոլոդոսը այն երաժիշտներից է, ով հատուկենտ և փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում, հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոները: Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ նրան հաճելի է հանդես գալը, և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելը, առավել ևս այլևս չի նվագում Եվրոպայից դուրս: Վոլոդոսի համերգների տոմսերը վերջանում են ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրա համերգի հնարավորությանը:
Մեր երկարամյա բանակցությունները վերջնականապես պսակվեցին հաջողությամբ և նշանակվեց Երևանյան համերգի օրը: Արտիստի մենեջմենթի հետմանրակրկիտ աշխատանք էր տարվել Եվրոպայից Երևան ժամանող չվերթներից մեկը հնարավոր օրերի հետ համադրելու համար: Արկադի Վոլոդոսը, անելով նման բացառություն և համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել “Երևանյան Հեռանկարներ” փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը:
Հունիսի 8-ին Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկտարարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու “Ստեյնվեյ ընդ սանս” ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար: