Չնայած արդեն մի քանի օր է, ինչ բացվել է երազի տունը, ամեն դեպքում չէի կարող չանդրադառնալ այս հեքիաթային օրվան, որն իսկապես երազ էր շատերիս համար, իսկ հիմա այն իրականություն է` «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի ղեկավար Նարինե Մանուկյանի շնորհիվ:
“Երազի տուն”-ը մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված վերականգնողական կենտրոն է։
Սա “Հայ մայրեր” բարեգործական հասարակական կազմակերպության ամենակարևոր ծրագիրն է։ Կենտրոնը բացվել է 2013 թվականին։ 2015 թվականին սկսվել է վերականգնողական կենտրոնի վերակառուցումը, որն ավարտվեց 2017 թվականի սկզբին։
“Երազի տան”-ը կենտրոնացած են երեխաներին անհրաժեշտ թերապիայի բոլոր տեսակները (ջրային թերապիա, արտ-թերապիա, կինեզիոթերապիա), հոգեբաններ, լոգեպեդներ, մերսման մասնագետներ, ծնողները կկարողանան հանգստանալ և ստանալ իրենց անհրաժեշտ հոգեբանական և այլ տիպի աջակցությունն այն ընթացքում, երբ երեխան զբաղված է թերապիայով։
Մինչ այսօր թերապիայի կենտրոնները քաղաքի տարբեր մասերում էին, ինչը բավականին բարդ էր թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։ “Երազի տուն”-ը սիրելի վայր է երեխաների և ծնողների համար։
Զարգացման կենտրոն, որտեղ տրամադրվում է համալիր վերականգնողական բուժում, նշվում են երեխաների ծննդյան և ամենատարբեր տոներ, իրականացվում են տարբեր բարեգործական ծրագրեր, սեմինարներ, հանդիպումներ։