Հիմնադրի մասին
-Ողջույն )) Ես՝ Եվան եմ, 29 տարեկան: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը և մասնագիտությամբ լեզվաբան և միջմշակութային հաղորդակից եմ: Միշտ եղել եմ շատ ուրախ, ակտիվ և պոզիտիվ մարդ, սա վառ արտահայտվում էր նաև համալսարանում սովորելու տարիներին: Ես փորձում էի և՛ սովորել, և՛ աշխատել: Սա, իհարկե, դժվար էր, հաշվի առնելով , որ համալսարանում 1-4-րդ կուրս սովորեցի 2-րդ հերթով, բայց, միևնույն է, ես ինձ չէի կորցնում և մասնակցում էի տարբեր պրոեկտների, նկարահանումների, EXPO-ների, դիզայն նախագծերի, ինչպես նաև ունեի աշակերտներ, որոնց հետ ռուսերեն էի պարապում:

Համալսարանը ավարտել եմ 8 տարի առաջ, բայց այս տարիների ընթացքում իմ դասավանդման գործունեությունը չեմ դադարեցրել. շարունակում եմ դասավանդել մի շարք ուսումնական կենտրոններում, ինչպես նաև ունեմ մասնավոր ուսանողներ, ոչ միայն հայ, այլ նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: Չնայած, որ ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա, ամեն դեպքում, դա ինձ չի խանգարում ձեռք բերել 2-րդ մասնագիտությունը՝ Գերմանիայի Բեռլինի ինստիտուտներից մեկում: Սովորում եմ մարքեթինգ և բիզնես: Իմ 2րդ մասնագիտության ընտրության մեջ շատ մեծ դեր խաղաց այն , ինչով ես զբաղվում եմ հիմա ,և այն, ինչ զբաղեցնում է իմ կյանքի մեծ մասը՝ Իմ սիրելի ԴԵԱՀը:

ԴԵԱՀ-ի մասին
– ԴԵԱՀ-ը հիմնադրվել է 2017թ.-ի գարնանը: Մենք զբաղվում ենք բնական խնամքի միջոցների արտադրությամբ, բնականաբար, սա հայկական արտադրության խնամքի միջոցներ են: ԴԵԱՀն, իհարկե, ունի իր շատ հետաքրքիր պատմությունը, որի մասին մի քանի բառով փորձեմ պատմել: Նախ նշեմ, որ ԴԵԱՀն ունի երկու հիմնադիր՝ ես և քույրս: Մենք միշտ շատ մեծ սեր ենք ունեցել այն ամենի նկատմամբ, ինչը բնական է, օրգանիկ, BIO և այլն: Նույնիսկ, տարիներ առաջ, երբ հայկական շուկան այդքան բազմազան չէր բնական խնամքի միջոցներով, մենք միշտ պատվիրում էինք դրանք դրսից կամ խնդրում մեր ընկերներին դրսում բնակվող, կամ հենց ինքներս էինք բերում բավականին շատ ու ամեն ինչից, որովհետև շատ էինք սիրում և ուզում էինք ամեն ինչ փորձել: Եվ միշտ մտածում էինք, թե ինչ լավ կլիներ , եթե մենք արտադրեինք մեզ համար այն , ինչ ուզում ենք, որը կլինի մեր պատկերացրած որակի, չափի, գույնի… Եվ , որոշ ժամանակ անց, տեղի ունեցավ միջադեպ, որը մեզ դրդեց, որ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկենք:
Մտանք հայկական արտադրության խնամքի միջոցների խանութ, որոշ գնումներ կատարեցինք, և գներից զարմացած դուրս եկանք. շատ թանկ էր: Իսկ մեր կարծիքով, հայ արտադրողը հայ սպառողի համար պետք է լինի հասանելի: Հենց այս միջադեպն էլ մեզ դրդեց որոշակի քայլերի: Եվ , 2017թ-ի գարնանը հայկական շուկան ավելացավ ևս մեկ բրենդով՝ ստեղծվեց ԴԵԱՀը: Հաճախորդները պարբերաբար մեզ հարցնում են, թե ինչու՞ ԴԵԱՀ, ինչ է սա նշանակում: Նույնիսկ ունեցել ենք հաճախորդներ, որոնք փորձել են գտնել անվան բացատրությունը ինտերնետային հարթակում, բայց , իհարկե, անօգուդ, քնաի որ ԴԵԱՀը հապավում է: Առաջին երկու տառերը հիմնադիրների անվան առաջին տառերն են, իսկ վեջին երկու տառերը նշանակում են “armenian handmade”: Մեր տարբերանշանը ՝ փոքրիկ կոլիբրին, նույնպես շատ սիրվեց հաճախորդների կողմից: Կոլիբրիի ընտրությունը շատ խորհրդանշական է մեզ համար, քանի որ մենք փորձեցինք զուգահեռներ անցկացնել մեր և կոլիբրիի միջև: Կոլիբրին իր կյանքի բալանսը և ընթացքը ապահովելու համար օգտվում է բացառապես բնության տված բարիքներից: Նա կարողանում է ընտրել թարմ և լավագույն խոտաբույսերը, ծաղիկները և սնվելով նրանց նեկտարից՝ շարունակում է իր կյանքի ընթացքը: Նույնը և մենք՝ ընտրելով լավագույն խոտաբույսերը, ծաղիկները ապահովում ենք մեր հաճախորդին կատարյալ և բնական խնամքով :
ԴԵԱՀ խնամքի միջոցների մասին
– Շատ մանրակրկիտ ուսումնասիրելով խնամքի միջոցների ստեղծման բանաձևը, տիրապետելով տարբեր հմտությունների, որոշեցինք սկսել մեր գործունեությունը օճառագործությունից: Մշակեցինք մեզ համար մի շարք հետաքրքիր և լավ բաղադրատոմսեր (նշեմ, որ մեր բաղադրատոմսերը հենց մերն են և մենք չենք օգտվել ստամդարտ բաղադրատոմսերից), փորձել ենք ամեն ինչում ցույց տալ և ունենալ մեր ոճը: Հիմա, երբ անցել է արդեն 3 տարի, բացի օճառներից մենք արտադրում ենք նաև լոգանքի SPA բոմբեր, լոգանքի փոշի, հեղուկ-կրեմային օճառներ, սկրաբեր, ինտիմ հիգիենայի համար նախատեսված կրեմային-օճառներ, յուղեր, սաշեներ, ծովի աղ, լոգանքի սուֆլեներ և այս ամենը բացառապես բնական հումքով: Բոլոր գույները մենք ստանում ենք բնական ճանապարհով ՝ յուղերով, համեմունքներով, կավերով և այլ բնական բաղադրիչներից: Մեր արտադրանքը հարուստ է մի շարք բազային յուղերով , եթերայուղերով, վիտամիններով, խոտաբույսերով և ծաղկաթերթիկներով:
Հետագա նախագծերի եվ նորությունների մասին
4. Շուտով նոր ապրանքատեսակներ, միանշանակ ,կունենանք, ինշպես և միշտ: Նախատեսում եմ թողարկել միանգամից երկու նոր ապրանքատեսակ , որոնք շատ մեծ պահանջարկ ունեն հիմա: Փակագծերն ամբողջությամբ չեմ բացում, միայն կհուշեմ, որ խոսքը գնում է դեմքի և մազերի խնամքի մասին: Նաև սպասվում է նոր համագործակցություն «Հալեպ» խանութի -սրահի հետ: Հաշված օրերի ընթացքում մենք հասանելի կլինենք մեր հաճախորդներին նաև «Հալեպ»-ում:
Խորհուրդ ԴԵԱՀ-ի հիմնադիր Եվա Մակվեցյանի կողմից
– Բոլորին կմաղթեմ քաջ առողջություն, հատկապես հիմա , երբ դա ավելին քան կարևոր է: Կմաղթեմ նաև, որ մեր կյանքի այս խենթ ռիթմում ժամանակ գտնենք մեզ համար և չմոռանանք մեր կյանքի և հետաքրքրությունների մասին: Մի՛ մոռացեք սիրել և գնահատել Ձեզ: Մի՛ մոռացեք լինել խնամված և գեղեցիկ: Մեզ բոլորիս ստեղծել է բնությունը, ուստի առողջ և խնամված լինելու համար մենք պետք է դիմենք բնությանը և օգտվենք նրա տված բարիքներից: Յուրաքանչյուր հարցի պատասխան կգտնենք հենց բնության մեջ: Եվ, որպես մասնագիտական խորհուրդ պարզապես ուզում եմ կոչ անել բոլորին, որ հնարավորինս հաճախակի խոնավեցնեն մաշկը, հատկապես ամռանը: Օգտվե՛ք տարբեր սկրաբերից և դիմակներից: Մենք երբեմն մոռանում ենք դրանց մասին, կարծելով , որ միայն օճառով լվացվելը բավարար է, բայց ոչ: Հավատացե՛ք , որ յուրաքանչյուր խնամքի միջոց իր շատ կարևոր դերն է խաղում: Միանշանակ , խորհուրդ կտամ օգտվել բացառապես բնական խնամքի միջոցներից, այլ ոչ այն քիմիական միջոցներից, որոնք մեզ առաջարկում են խանութներում, և ,իհարկե, փորձե՛ք օգտվել հայկական ապրանքատեսակներից: Դրանք շատ ավելի վստահելի են, քան օրինակ թուրքականները կամ կորեականները: Փորձե՛ք սատարել և վստահել հայ արտադրողին: Մնացե՛ք խաղաղությամբ և ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ:





























