Այսօր Yerevan Mall-ում տեղի ունեցավ «Բոլորը մեկի համար» խորագիրը կրող նորաձևության ցուցադրություն` հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին մասնակիցների հարազատներն ու ընկերները, ինչպես նաև շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց ուղեկցությամբ էլ հենց տեղի ունեցավ ցուցադրությունը:
ManeH-ի հետ զրույցում «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանը նշեց, որ ՀՀ-ի որոշմամբ 2016 թվականը հռչակվել է հավասար հնարավորությունների և իրավունքների տարի:
«Քանի որ իրավուքների պաշտպանության ոլորտում շատ միջոցառումներ են կազմակերպվում, մենք էլ այս տարվա շրջանակներում որոշեցինք ընտրել նորաձևության ոլորտը և ընդգծել հաշմանդամություն ունեցող մարդկանց հավասարությունը»,- ասաց Նարինե Մանուկյանը՝ ավելացնելով, որ այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:
Նշենք, որ տեղի ունեցավ նաև հաշմանդամություն ունեցող փոքրիկների մայրերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի Հայկ Ներսիսյանի անհետաձգելի վիրահատությանը:
Դե ինչ, ManeHblog-ը ևս մեկ անգամ շնորհավորում է «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ին՝ այս գեղեցիկ ու լավ նախաձեռնության համար՝ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջություն:
Առաջարկում եմ դիտել լուսանկարները և ևս մեկ անգամ համոզվել, որ երազանքները կարող են լինել առանց սահմանների:
ManeH