Նոյեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ երիտասարդ, տաղանդավոր բանաստեղծուհի Լաուրա Հովհաննիսյանի <<Ո՞վ ես դու, մա՛րդ>> գրքի շնորհանդեսը և գրական-երաժշտական հեղինակային երեկոն:
Աննախադեպ մշակութային երեկո էր. բանաստեղծուհուն շնորհավորելու էր եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Դահլիճը լեփ-լեցուն էր գրականության սիրահարներով, երաժիշտներով, Հայաստանի տարբեր անկյուններից հավաքված ամենաջերմ ընթերցողներով: Ներկաները ևս մեկ անգամ վկայեցին,որ Լաուրա Հովհաննիսյանն իր խոհափիլիսոփայական բանաստեղծություններով,հայրենիքի,սիրո,նվիրումի իր ստեղծագործություններով, նոր գրականության գեղեցիկ և ուրույն մի աշխարհ է ստեղծում: Նրա ստեղծագործություններն այնպիսի ընկալելի գրչով են գրված, որ յուրաքանչյուր ոք կարող է գտնել այնտեղ իրեն հոգեհարազատ գործ, սիրել և դարձնել իր հոգու մի մասնիկը: Բանաստեղծությունները հաճախ բազմաժանր երգերի են վերածվում՝դասական, ժամանակակից, էստրադային:
Միջոցառման բացումն ազդարարեց Լաուրա Հովհաննիսյանն իր <<Ո՞վ ես դու, մա՛րդ>> բանաստեղծությամբ և հանդես եկավ ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին և նշելով, որ շատ ոգևորված է և միևնույն ժամանակ հուզված:
Երեկոն, իսկապես, ստացված էր, տպավորիչ և հիշարժան, քանի որ բեմում մեկտեղված էին պոեզիան գնահատող և այն յուրովի ու նրբաճաշակ մատուցող այնպիսի անհատականություններ ինպիսիք են Մանուշակ Շիրինյանը, Անդրանիկ Մալխասյանը, Դիանա Հարությունյանը, Աստղիկ Սաֆարյանը, Լուսինե Կչոզյանը, Մարգարիտ Սարգսյանը և այլոք:Երեկոն վարեցին Անահիտ Կիրակոսյանը և Կարեն Հովհաննիսյանը: Աստղիկ Սաֆարյանը հանդես եկավ նոր ՝ <<Ինչու ՞ ես եկել >> երգի և տեսահոլովակի պրեմիերայով, որի խոսքերի հեղինակը Լաուրա Հովհաննիսյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Աստղիկ Սաֆարյանը:Պրեմիերաներով հանդես եկան նաև Արծրուն Խանգելդյանը ՝ << Նոր դար>> , Լուսինե Կչոզյանը՝ <<Մեղեդի>> և Անդրանիկ Մալխասյանը ՝ <<Հայր>> երգերով:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ գրքի բարեգործական վաճառք, որի ողջ հասույթը ուղղվեց “Բարի մամա” ՀԿ, “Բարի տնակ” ներառական կենտրոնին: Շնորհակալություն հրավերի և նման գեղեցիկ պոեզիայով լեցուն երեկո պարգևելու համար:
Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ Լաուրային, քանի որ նա, բացի տաղանդավոր բանաստեղծուհի լինելուց, ՄԱՐԴ է, ով օգնում ու գնահատում է բոլորին: Շնորհավորում եմ ևս մեկ անգամ: Վայելե՛ք լուսանկարները, իսկ տեսանյութը կտեղադրենք քիչ ուշ: