Պարզապես չէի կարող ներկա չգտնվել ու չշնորհավորել այս վառ ու տաղանդավոր անհատականությանն, ով բոլորիս գերում է իր կրեատիվ ու յուրահատուկ տեսակով:
Երեկ, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց ԵԳՊԱ-ի դեկորատիվ կիրառական բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աշխեն Կիրակոսյանի (ACHUL IK) անհատական ցուցահանդեսը։
La Vie (կյանք) խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Աշխենի ստեղծագործական միտքն ու պատկերացումները քաղաքային կյանքի նկատմամբ:
«Մայրիկիս շնորհիվ փոքր հասակից հաճախել եմ նկարչության, բայց դա ոչ թե արել եմ ստիպողաբար, այլ մեծ սիրով ու հաճույքով: Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի գեղանկարչության բաժինն, իսկ այժմ սովորում եմ ԵԳՊԱ-ի դեկորատիվ կիրառական բաժնում, համատեղ նաև աշխատում եմ Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում՝ դասավանդելով նկարչություն: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, որի խորագիրը (La Vie) ընտրել եմ ոչ պատահական: Այստեղ ներկայացրել եմ դրսի և Հայաստանի կյանքը, առօրյան, մարդկանց ապրելակերպը՝ համատեղելով իմ ներքին զգացումներն ու ապրումները: Երբ Ֆրանսիայից վերադարձա Հայաստան, հասկացա, որ ինձ համար շատ դժվար է լինելու, իմ կյանքում սկսվեց սև էտապ, որի հաղթահարման միակ միջոցը նկարելն էր՝ մի կողմ դնելով իմ ներքին մռայլությունը: Այսպես, ունենալով բազում նկարներ արված թե՛ դրսում, և թե՛ Հայաստանում, որոշեցի ունենալ ցուցահանդես և ներկայացնել քաղաքային կյանքի նկատմամաբ իմ պատկերացումները: Սա ինձ համար նպատակ էր, որն արդեն իրականացրել եմ, իսկ հետագայում կփորձեմ ավելի հասուն քայլեր անել արդեն ինձ հոգեհարազատ վայրում՝ Հայաստանից դուրս»,- ինձ հետ զրույցում ասաց Աշխենը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 2-ը։
Մուտքն ազատ է։
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս խենթ կերպարին և սրտանց մաղթում մեծ հաջողություններ: