Բոլորս էլ գիտենք, որ աքսեսուարները կերպարն ամբողջացնող իրեր են, որոնց օգնությամբ մեր արտաքինը դառնում է էլ ավելի արտահայտիչ ու տարբերվող: Աքսեսուարներից առանձնացնելով գլխարկը, պետք է ասեմ, որ ճիշտ ոճի ու գույնի ընտրված գլխարկը կարող է առավել գեղեցիկ ու նորաձև տեսք հաղորդել կնոջը: Այսպես է մտածել նաև Գայանե Մուրադյանը, ով վերջերս հայտնի է իր Maison Gaia brand-ով, որտեղ մենք կարող ենք հանդիպել Գայանեի կողմից մոդելավորած կամ ձևափոխած նորաձև գլխարկները:
Գայանեն, ավարտելով Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը և մասնագիտությամբ լինելով իրավաբան, միշտ հետաքրքրվել է նորաձևությամբ, բայց ոչ միայն նորաձևության թրենդերով, այլ որպես արվեստ՝ ուսումնասիրելով վերջինիս պատմությունը, մեծագույն ձեռքբերումներն ու աշխարհի մեծերին:
«Կարող եմ առանձնացնել մարդկանց, ովքեր տարիների ընթացքում ինձ ոգեշնչել են դեպի նորաձևությունը. Աննա Վինտուր,Կոկո Շանել, Կառլ Լագեռֆելդ, Ջեյն Բիրկին, Ժակլին Քեննեդի, Ալեքսանդր ՄքՔուին, Էնդի ՈՒօրհոլ, Գրեյս Քելլի, Իուբեղ դը Ժիվանշի … ինչպես երևում է ցուցակ իրոք որ տարատեսակ է: Չնայած որ իմ ոճն ու կենսակերպը ռադիկալ կերպով տարբերվում են մայրիկիս ոճից, պարադոկսալ է, բայց, վերոնշյալ անձանց ցանկը հենց ինքն է գլխավորում, քանի որ հենց իրենից ու իր կերպարներից եմ օրինակ վերցնում ու ոգեշնչվում »:
Խոսելով իր իսկ ստեղծած գլխարկների մասին՝ Գայանեն նշեց, որ գլխարկների դիզայն անելու միտքն առաջացել է միանգամից.
«Ինքս փոքրուց սիրել եմ գլխարկ կրել, շատ եմ սիրում կերպարին վերջնական տեսք տվող այդ մասնիկը և կրում եմ գրեթե միշտ: Առաջին գլխարկը ստեղծել եմ տանը՝ սենյակումս, որը լցված լինելով բազմապիսի իրավաբանական գրականությամբ և ուսումնառությանս ժամանակ հավաքված մեծածավալ նյութերով, վերջին շրջանում դարձել է իմ փոքրիկ արվեստանոցը, ուր կիսամութ լուսավորության և երաժշտության ներքո, ուշ երեկոյան, ստեղծվում են իմ գլխարկները»:
Իսկ թե ո՞վքեր են Maison Gaia-ի կրողները, Գայանեն պատասխանեց, որ կրողը կաշկանդված չէ դրանցով:
«Maison Gaia-ի գլխարկները 7/24 սկզբունքով են ստեղծվում. դրանք կարելի է կրել շաբաթվա բոլոր օրերին ՝ թե աշխատանքի, թե դրանից ազատ ժամանակահատվածում, օրվա ցանկացած ժամի և ցանկացած առիթին»:
Գայանեն անկեղծանում է՝ ասելով, որ չնայած վաղուց չէ, ինչ ստեղծվել է իր brand-ը, այնուամենայնիվ, քաղաքում հանդիպում է աղջիկների, ովքեր կրում են Maison Gaia:
«Իրականում ինձ շատ է ուրախացնում ու ոգևորում այն փաստը, որ հայ աղջիկները գլխարկին մոտենում են ոչ միայն որպես ցուրտ եղանակին գլուխը տաք պահելու միջոց, այլև որպես տեսքն ու կերպարը ամբողջականացնող մի անհրաժեշտ աքսեսուար՝ անկախ եղանականակային պայմաններից»:
Դե ինչ, կարծում եմ իմ և Գայանեի զրույցը բավականին հագեցաց էր և բոլորիդ համար պարզ դարձավ, թե ով է իրականում Maison Gaia-ի հիմնադիրը : Շնորհակալ եմ գեղեցիկ պատասխանների և, իհարկե, այն նորաձև կարմիր գլխարկի համար, որը ես սիրով կրում եմ:
https://www.facebook.com/Gaiahats/?fref=ts
https://www.instagram.com/maison_gaia/?hl=en