Օրերս, ներկա գտնվեցի “Hotel Gagarin” կատակերգական ֆիլմի նկարահանմանը նվիրված գեղեցիկ միջոցառմանը , որը կազմակերպել էր «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը: Ֆիլմի կազմակերպչական աշխատանքները իրականացվում են Իտալական “Lotus Production” կազմակերպության կողմից, իսկ հայկական մասով աշխատանքներն իրականացվում են “Panarmenian Media Group” – ի կողմից:
Արդեն 1 ամսից ավելի է, ինչ ֆիլմի նկարահանումները սկսված են և ֆիլմի նկարահանումներին մասնակցում են Իտալիայի որոշ հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Կլաուդիո Ամենդոլան, Լուկա Արջենտերոն, Ջուզեպե Բատիստոնը, Բաբուլովա Բարբորան, Դ’ամիկո Սիլվիան, Շհուլա Կատերինան և այլք: Իտալական կողմից ֆիլմի պրոդյուսերն է “Lotus Production” – ից Մառկո Բելարդին, իսկ կինոռեժիսորն է Սիմոնե Սպադան: Հայկական կողմից ներգրավված են “ Panarmenian Media Group” – ը պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ, դերասան Հովհաննես Ազոյանը և այլ հայ հայտնի դերասաններ:
Լրագրողների հետ զրույցում Panarmenian Media Group” – ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն ասաց, որ ֆիլմը երազանքի և երազանքներն իրականացնելու մասին է, որն իր մեջ պարունակում է նաև խոհափիլիսոփայական նուրբ էլեմենտներ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել “Lotus Production”-ին, քանի որ մեզ համար սա ևս մեծ հնարավորություն է համագործակցել եվրոպական ամենահետաքրքիր մշակութային երկրներից մեկի հետ »,- ասաց Հրաչ Քեշիշյանը՝ հույս հայտնելով , որ Հայաստան-Իտալիա համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Իր հերթին, “Lotus Production” կազմակերպության գլխավոր պրոդյուսեր Ջանլուկա Բերտոնյան ասաց, որ սա ոչ միայն երկու երկրների կողմից ձևավորված համագործակցություն է, այլև յուրահատուկ կամուրջ, որը դեռ շատ ասելիք կունենա: Պրոդյուսերի խոսքով՝ ընտրել են Հայաստանը, քանի որ այն իր մշակույթով շատ նման է Իտալիային:
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչն է Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոցը, քանի որ այս ամբողջ ընթացքում Իտալական թիմը բնակվում է Կոնգրես հյուրանոցում և հյուրանոցը համարվում է ֆիլմի հովանավորներից մեկը:
Պետք է ասեմ, որ շատ լավ մթնոլորտ էր Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոցում. համեղ ուտեստներ, որակով երաժշտություն, խմիչք և հարազատ մարդիկ, ովքեր իրենց ներդումն ունեն այս գեղեցիկ ֆիլմի կայացման հարցում:
Նշեմ, որ “HOTEL GAGARIN” ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի տարեվերջին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում: