Բուրաս Պապիկյանն առանց երաժշտության իր կյանքը չի պատկերացնում: Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնում և արդեն իսկ տարբեր մրցույթների միջազգային և հանրապետական դափնեկիր է: Հենց նա էլ այսօր Yerevan style-ի մասնակիցն է, ով հանդես է գալիս շատ գեղեցիկ ու տարբերվող լուսանկարներով և ունի շատ հետաքրքիր ոճ:
Նրա համար նորաձևությունը բնավորության գիծ է.
«Մարդն իր հագուստով ցույց է տալիս, թե բնավորության ինչ գծեր ունի և որ գույնն է սիրում, որ ոճն է նախընտրում և այլն: Ինձ համար նորաձևություն ասվածը հարաբերական է: Իհարկե, նախ և առաջ կրում եմ այն, ինչ հարամարավետ է: Կոնկրետ ոճ չունեմ, այն շատ փոփոխական է ինձ համար: Գրեթե բոլոր ոճերում էլ կարողանում եմ ինձ լավ զգալ: Vintage, grunge ոճերն եմ նախընտրում և սիրում եմ ոճերի համադրությունը, հին ու նորի ներդաշնակությունը: Նույնը նաև կյանքում է. լավագույն նորը նորացված հինն է»:
Բուրասը նաև ասաց, որ իր հագուստները հենց ինքն է մոդելավորում՝ ձևափոխելով մայրիկի կամ տատիկի հագուստները:
Դե ինչ, միասին դիտենք ինքնատիպ ու յուրահատուկ Բուրաս Պապիկյանի լուսանկարները, որոնք արդեն իսկ սիրված են շատերի կողմից: